19/01/2018 11:02
Երբ մի քանի հարյուր հազար քաղաքացի լինի փողոցում, պարտավորվում եմ իշխանափոխություն անել. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գիշերը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ժողովրդին հերթական անգամ տեղեկացրել է ը(նդդիմ թանկացումների այսօր կայանալիք երթի մասին։
Օգտատերերը Փաշինյանի ուղիղ հեռարձակման տակ իշխանափոխության մասին մի քանի ուշագրավ հարցեր են ուղղել պատգամավորին։ Մասնավրապես, օգտատերերից մեկը նկատել է, որ հիմա իշխանափոխության կարիք կա և պետք է հենց այդ պահանջով դուրս գալ փողոց և ոչ թե թանկացումների դեմ։ Օգտատիրոջ այդ դիտարկմանը Փաշինյանը պատասխանել է.
«Իսկ թանկացումները ու՞մ գործողության արդյունքն են։ Քանի՞ քաղաքացի է պատրաստ իշխանափոխության համար փողոց դուրս գալ։ Իսկ որ վաղը իշխանափոխություն հայտարարեմ ու չկարողանամ անել, չեք ասելու՞ Սերժի մարդն էր գոլորշի բաց թողեց։ Ձեզ թվում է իշխանափոխության համար հայտարարությու՞նն է պակասում։
Իմ քաղաքական գործունեության ընթացքում մի 20 անգամ հայտարարել եմ ու հանուն դրա գործել եմ։ Ու արդյունքում պարտավորվել եմ Ձեր առաջ. իշխանափոխություն չեմ հայտարարի, քանի վստահ չեմ, որ մեկ շաբաթում դա կանեմ։ Իշխանափոխության առաջին քայլը փողոցում կանգնած քաղաքացին է։ Դուք հիմա ուզում եք քաղաքացուն ետ պահել փողոց դուրս գալուց։ Ուզում եք ասել իշխանափոխությո՞ւն եք ուզում»։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ինքը երկու անգամ իշխանափոխության մասին է հայտարարել, սակայն հասարակությունը չի աջակցել իրեն.
«Ես գարնանը երկու անգամ իշխանափոխություն եմ հայտարարել, և առաջինում 122 հազար մարդ է մանդատ տվել, երկրորդում 70 հազար։ Մի անգամ էլ 2016-ի հուլիսին եմ իշխանափոխություն հայտարարել, բայց իշխանափոխության ամենաջերմեռանդ պաշտպանները դա համարեցին կրակի վրա ձեռքեր տաքացնել և հրաժարվեցին իշխանափոխությունից (թեկուզ ժամանակավորապես)։ Հիմա էլ ասում եմ․ երբ մի քանի հարյուր հազար քաղաքացի լինի փողոցում, պարտավորվում եմ իշխանափոխություն անել»։