19/01/2018 14:41
Չելսի Մենինգը գրանցվել է Սենատի ընտրություններին մասնակցելու համար
WikiLeaks-ին գաղտնի տեղեկություններ փոխանցած Չելսի Մենինգը (անցյալում՝ Բրեդլի Մենինգ) պաշտոնապես գրանցվել է Մերիլենդ նահանգից ԱՄՆ Սենատի ընտրություններին մասնակցելու համար, փոխանցում է РИА Новости-ն:
Նահանգի ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Մենինգը գրանցվել է որպես Մոնտգոմերի շրջանում Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնից հեռանալուց մի քանի օր առաջ մեղմել էր նրա պատիժը: 7 տարի բանտում գտնվելուց հետո նա ազատ է արձակվել:
Նոյեմբերին անցկացվելիք ընտրությունների ժամանակ Մենինգի հիմնական մրցակիցը կդառնա Դեն Կարդինը:
Հայտնի է, որ բանտից ազատ արձակվելուց հետո Մենինգը տեղափոխվել է Մերիլենդ. նա գրում է Guardian-ի և Medium-ի համար՝ արծարծելով խոսքի ազատության և քաղաքացիական ազատությունների, տրանսգենդերների իրավունքների և համակարգչային անվտանգության հարցերը: