19/01/2018 15:45
Պուչդեմոնը պնդում է, որ կարող է ժեներալիտետը ղեկավարել Բրյուսելից
Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը պնդում է, որ կարող է ինքնավար միության կառավարությունը ղեկավարել Բրյուսելից, քանի որ «նոր տեխնոլոգիաները» դա թույլ են տալիս, հայտնում է News.rambler-ը:
«Այսօր խոշոր նախագծեր են ղեկավարվում նոր տեխնոլոգիաների օգնությամբ», – հայտարարել է նա Catalunya Ràdio–ին տված հարցազրույցում՝ խոստովանելով, որ դա այն պայմանները չեն, որոնք իրեն դուր են գալիս, սակայն դա ավելի լավ է, քան ղեկավարել ժեներալիտետը բանտից։
«Ակնհայտ է, որ չի կարելի լինել կառավարության ղեկավար, եթե դու բանտում ես։ Բանտում ոչինչ հնարավոր չէ անել։ Այստեղ ես կարող եմ աշխատել և պաշտպանել ինստիտուտների արժանապատվությունը», – ասել է նա։
Պուչդեմոնը գտնում է, որ ինքն «իրավունք ունի» անցնելու կատալոնյան կառավարության ղեկավարի պաշտոնին հաստատվելու գործընթացը։
Կառավարության նախկին ղեկավարը նաև պնդում է, որ չի թաքնվում արդարադատությունից։ Նա նաև հայտարարել է, որ չի հրաժարվում Կատալանոիայի անկախության գաղափարից։
«Ես հույսս չեմ կորցնում՝ փոխել ամեն ինչ։ Ինչո՞ւ մենք պետք է հանձնվենք։ Ես չեմ կարող դա ընդունել, մարդիկ քվեարկել են», – ասել է քաղաքական գործիչը։