19/01/2018 16:29
Լուծումը գործող իշխանության քաղաքական կամքի դրսևորման մեջ է. ՍԴՀԿ-ն չի մասնակցի «Ելք»-ի երթին
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն առաջիկա համագումարում Հայաստանի կառույցի համար նոր ատենապետ կընտրի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։
- Հունվարի 26-ին Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության 130-ամյակն է նշվելու Մոսկվա կինոթատրոնում։ Այդ օրը նաև տեղի կունենա կուսակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 11-րդ համագումարի բացումը։ Մեծ տոնակատարություն է լինելու, հրավիրված են քաղաքական դաշտի մեզ համար ընկալելի գրեթե բոլոր ներկայացուցիչները, խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլն։ Դրանից հետո, ինչպես միշտ, հաջորդող օրերին կուսակցությունը կանցկացնի իր փակ համագումարային աշխատանքային նիստերը։ Ի թիվս այլ հարցերի՝ կլինի նաև կուսակցության նոր վարչության ընտրություն։
- Հայտնի՞ է, թե ում թեկնածությունը կառաջադրվի կուսակցության ատենապետի պաշտոնում։
- Ո՛չ։ Այդպիսի հարցերը որոշվում են փակ համագումարի ընթացքում։ Ես չեմ լինելու, որովհետև վերջին համագումարում ընտրվել եմ կուսակցության կենտրոնական վարչության անդամ։ Կառաջադրվի մեր ընկերներից որևէ մեկի թեկնածությունը։
- Ձեզ համար կա՞ նախընտրելի թեկնածու։
- Հնչակյան կուսակցությունը հավաքական կառավարվող մարմին է, և այն ընկերը, ով վարչության մեջ կունենա մեծամասնություն, նա էլ կընտրվի կուսակցության Հայաստանի կազմակերպության ղեկավար։
- Հաշվի առնելով գաղափարական ուղղվածությունը, ո՞րն է կուսակցության դիրքորոշումը Հայաստանում։
- Կուսակցությունն այս թեմայով հանդես է եկել հայտարարությամբ, բնականաբար, որպես սոցիալական ուղղվածության քաղաքական կազմակերպություն՝ մեզ համար իսկապես մտահոգիչ են թանկացումները՝ հաշվի առնելով, որ այն չի փոխհատուցվում աշխատավարձերի բարձրացման տեսքով։ Պարզ է, որ դա ուղիղ խփում է բոլորիս գրպանին, հատկապես՝ աղքատության բարձր տոկոս ունեցող երկրում գնաճի ցանկացած տեսակն առաջացնում է սոցիալական լարվածություն։ Առկա երևույթները ոչ միայն մտահոգիչ են, այլ նաև լուծման կարոտ։
- Ինչպիսի՞ լուծում եք տեսնում։
- Լուծումը գործող իշխանության քաղաքական կամքի դրսևորման մեջ է։ Պետք է դրսևորել քաղաքական կամք և փորձել հնարավորինս արագ գործիքակազմ գտնել սոցիալական այս լարվածությունը մեղմելու համար։
- Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու։ Թեև հայտարարել են, որ որևէ քաղաքական ուժի պաշտոնական հրավեր չեն ուղարկել մասնակցության համար, բայց նաև նշում են, որ բաց են համագործակցության համար և ցանկություն ունեցող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները կարող են աջակցել իրենց։ Հնարավո՞ր է՝ մասնակցեք երթին։
- Հարցը շատ նուրբ է։ Բնական է, որ թանկացման վերաբերյալ ցանկացած քաղաքական բողոք հնչակյան կուսակցության համար ընկալելի է և շարունակելու է մնալ ընկալելի, լինի այն խորհրդարանական լսումների տեսքով, թե այլ ձևաչափով։ Այսօր Հնչակյան կուսակցությունը զբաղված է իր մասնաճյուղների ժողովներով, պատվիրակների ընտրությամբ, և առաջիկա համագումարից հետո կուսակցության Հայաստանի կազմակերպությունը հանդես կգա նման խնդիրների լուծման վերաբերյալ սեփական քաղաքական օրակարգով, որտեղ կլինեն նաև հրապարակային գործողություններ։