19/01/2018 15:37
Արմեն Սարգսյանն ու Վազգենը լավ ընկերներ էին և համախոհներ. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի շուրջ համացանցում եղած քննարկումներին:
«Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին:
Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննրկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ:
Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Երկուսն էլ թույլ չէին տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետևանք թողնել:
Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:
Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին», - գրել է Հակոբյանը: