19/01/2018 13:29
Իսրայելում առաջին անգամ կին օդաչուն նշանակվել է էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնում
Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին օդաչուն նշանակվել է էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Փոխգնդապետի կոչում ստացած կին օդաչուի պաշտոնի բարձրացումը համընկել է քաղաքական գործիչների, ռաբինների և մամուլի մասնակցությամբ երկրի զինված ուժերում գենդերային հավասարության սկզբունքների ներդրման նպատակահարմարության հարցով բանավեճերի հերթական ռաունդի հետ:
Իսրայելում գործող գաղտնիության կանոններին հետևելով՝ բանակային մամուլի ծառայությունը հրապարակել է նրա ռետուշավորած լուսանկարը և նշել ազգանվան միայն Տ. տառը: Հայտնի է, որ ռազմատրանսպորտային ավիացիայում ծառայող կինը 35 տարեկան է, ունի 2 երեխա:
Նրա հետ միասին փոխգնդապետի կոչում և ավիակարգավորողի պաշտոն է ստացել ևս մեկ կին, նույնպես Իսրայելի ՌՕՈՒ պատմության մեջ առաջին անգամ:
Իսրայելում կանանց համար ռազմական օդաչուի կարիերան արգելված էր մինչև 1994 թվականը, երբ ծագումով Հարավային Աֆրիկայից Էլիս Միլլերը գերագույն դատարանի միջոցով հասավ օդաչուական դասընթացներին մասնակցելու իրավունքին: Նա այն չի կարողացել ավարտել բժշկական ցուցանիշների պատճառով, բայց նրանից հետո այնտեղ ընդունվել է ավելի քան 1,2 հազար կին և նրանցից 50-ը ավարտել է: