19/01/2018 17:11
2018 թվականը չափազանց կարևոր է. վարչապետը մատնանշել է 2018-ին ֆինանսների նախարարության գործունեության առաջնահերթությունները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ ֆինանսների նախարարություն կատարած այցի ժամանակ զեկուցվել է նախարարության ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը և միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաև 2018 թվականին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը ֆիննախը չէ: «Վերջին ֆիլտրացիան անում է ֆինանսների նախարարությունը, որտեղ մենք այդ ամբողջը կոորդինացնում ենք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:
Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ: 2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում էապես ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը:
2018 թ. նախատեսվում է իրականացել հետևյալ միջոցառումները՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրում, գնումների վերլուծության և ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրում, էլեկտրոնային գնումների համակարգի շարունակական զարգացում (նոր ARMEPS), էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնում (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ-ների ներառում) և գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերի համակցում: Վարչապետը, գոհունակություն հայտնելով կատարված քայլերից, ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա.
«Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցները նեղանում են, ինքնարժեքն աճում է: Երեկվա կառավարության նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ թամբային կետը: Խնդրում եմ այդ հարցի շուրջը մտածեք, լուծում տանք: Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ դնենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու: Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն և արագ արձագանքել», - ասել է կառավարության ղեկավարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»: