20/01/2018 16:30
Facebook-ի օգտատերերը կկարողանան ինքնուրույն որոշել լրատվության աղբյուրի հուսալիությունը
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաղորդել է, որ սոցիալական ցանցի օգտատերերը կկարողանան ազդել նորությունների որակի վրա՝ գնահատելով դրանց աղբյուրների հուսալիությունը, հայտնում է Kommersant-ը:
«Մենք որոշել ենք, որ հանրությունն ինքնուրույն պետք է որոշի, թե որ ռեսուրսներին կարելի է վստահել, դա առավել օբյեկտիվ կլինի: Ահա թե ինչպես է այն աշխատելու: Պարբերական հարցումների ընթացքում մենք կկարողանանք պարզել, թե արդյոք նրանք ծանոթ են նորությունների աղբյուրին, և եթե այո, ապա վստահում են այդ աղբյուրին», - գրել է նա իր էջում:
Հարցումների արդյունքում կստեղծվի վարկանիշ, որի առաջատարների մասին տեղեկությունը կհայտնվի սոցիալական ցանցի լրահոսում: Ցուկերբերգը խոստացել է, որ նորարարությունը չի ազդի լրահոսում տեղեկատվության ծավալի վրա։