20/01/2018 15:04
Պենտագոնը կշարունակի պաշտպանել ԱՄՆ-ն` չնայած ֆինանսավորման հետ կապված իրավիճակին
Պենտագոնը կշարունակի պաշտպանել ԱՄՆ-ն` չնայած պետական ֆինանսավորման դադարեցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է РИА Новости-ն:
Պետական գերատեսչություններին ֆինանսական միջոցների հատկացման մասին օրենքի ժամկետը լրացել է ուրբաթ: Սենատում հանրապետականները և դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ նոր փաստաթղթի շուրջ, որի արդյունքում դաշնային գերատեսչությունները դադարեցրել են աշխատանքը: Շարունակում են աշխատել միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը կապված է ծայրահեղ կարևոր գործառույթների հետ:
«Մենք կշարունակենք ամենօրյա գործողություններ իրականացնել աշխարհում: Նավերը և սուզանավերը կմնան ծովում, մեր ինքնաթիռները կշարունակեն թռիչքներ կատարել, մեր զինծառայողները կշարունակեն հետապնդել ահաբեկիչներին Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Ասիայում», - ընդգծված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Սրա հետ մեկտեղ Մեթիսը խոստովանել է, որ «պահեստայիննների պատրաստումը կարող է դադարեցվել»։
Նա ընդգծել է իր անձնական «պարտավորությունը, որ նախարարության ղեկավարությունն ամեն ինչ անի հետևանքները հնարավորինս մեղմելու համար»: