20/01/2018 12:40
150 ուղևորով 18 մետրանոց ավտոբուսներ, կանգառների ավելացում, էլեկտրոնային տոմսեր, «մարշուտկաների» վերացում. Տրանսպորտային ցանցի «հեղափոխական» առաջարկը
Նոր ավտոբուսային երթուղային ցանցի նոր նախագծով, քաղաքային իշխանությունները մտադիր են կրճատել հասարակական տրանսպորտների միավորների քանակը, բայց քաղաքացիներին ամբողջությամբ ապահովել տրանսպորտով։ Այդպիսով, նախագծի հեղինակները հույս ունեն զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը։
Ներկայիս 115 երթուղու փոխարեն գործելու է 42 երթուղի, տրանսպորտային միավորների քանակը կրճատվելու է շուրջ 2 անգամ՝ 2039-ից հասնելով 939-ի, ցանցի ընդհանուր երկարությունը՝ շուրջ 4 անգամ՝ 4076 կմ-ից հասնելով 1107 կմ-ի, տրանսպորտային շարժակազմի ընդհանուր տարեկան վազքը 201,500,000 կմ-ից հասնելու է մոտ 86,267,000 կմ-ի։
42 երթուղուց 11-ը լինելու է հիմնական, 30-ը՝ սնուցող, իսկ մեկը՝ դեպի օդանավակայան արագընթաց երթուղի։ Այս ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներով, հիմնական երթուղիներին սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին ցանցի ավտոբուսներով։ Ինչպես նաև գործելու է տրոլեյբուսային 5 երթուղի։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են ոչ թե երկարացնել գործող տրոլեյբուսային ցանցը, այլ ավելի շատ շեշտը դրվելու է ցանցի արդիականացման վրա։ Տրոլեյբուսային ցանցում նախատեսել են 111 միավոր շարժակազմ։
11 հիմնական երթուղիները սպասարկող մեծ ավտոբուսների երկարությունը լինելու է 18 մետր, որոնցում կարող է տեղավորվել 150 ուղևոր։ Նույն երթուղում կլինեն նաև մեծ չափի, բայց ոչ միակցված ավտոբուսներ՝ 12 մետր երկարությամբ, որոնցում կտեղավորվի 90-100 ուղևոր։
Ինչ վերաբերում է 30 սնուցող երթուղիները սպասարկող ավտոբուսներին, ապա դրանք լինլու են միջին չափի՝ 8 մ, տարողությունը՝ 45-50 ուղևոր։
Գոյություն ունեցող երթուղային ցանցի դեպքում կանգառների քանակը 834-ն է, իսկ նոր ցանցի դեպքում առաջարկվում է այն ավելացնել՝ հասցնելով 1181-ի։ Դրանք, ըստ պատասխանատուների, ապահովված են լինելու ժամանակակից կանգառասրահներով։
Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատաժամանակին, ապա, եթե ներկայիս գործող երթուղային ցանցի դեպքում, որոշ վերապահումներով, աշխատաժամանակը առավոտյան ժամը 07։00-ից մինչև 23։00-ն է, ապա նոր ցանցի դեպքում առաջարկվում է տրանսպորտի աշխատանքը սկսել առավոտյան 06։45-ից և ավարտել կեսգիշերին։
Նոր երթուղային ցանցի նախագծով առաջարկվում է ներդնել ուղևորատոմսի էլեկտրոնային միասնական համակարգ, ինչպես նաև էլեկտրոնային չվացուցակի հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ։
Երևանի քաղաքային իշանությունները ներկայացված նախագիծը համարում են «հեղափոխական» մայրաքաղաքի տրանսպրոտային համակարգի համար, քանի որ, նրանց վստահեցմամբ, նոր տրանսպորտային համակարգը թույլ է տալու անհամեմատ ավելի քաղաքակիրթ վիճակի բերել Երևանի երթևեկությունը։
Երթուղային նոր ցանցի նախագիծը մասնագիտական աշխատանքային խմբում քննարկումից հետո դրվել է հանրային քննարկման, որից հետո կսպասեն առաջարկների՝ ցանցը նախագծող խորհրդատուին ներկայացնելու համար։