21/01/2018 22:41
Խոշոր ավտովթար Երևանում. մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը
Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ սակայն` գիտակցության չգալով, մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, հայտնի լրագրող, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր: