22/01/2018 14:40
Facebook-ը երեք ուսումնական կենտրոն կբացի ԵՄ երկրներում
Facebook կորպորացիան մտադիր է երեք կենտրոն բացել Եվրամիության երկրներում, որտեղ ցանկացողներին կուսուցանեն տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: Այդ մասին հայտարարել է ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել կիրակի, փոխանցում է ТАСС-ը:
«Մտահոգություն կա, որ թվային հեղափոխության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնվում, մենք անպաման ցանկանում ենք ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացման մեջ, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք մասնակցել թվային տնտեսությանը», - պարզաբանել է նա:
Ուսումնական կենտրոններ կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում և Իտալիայում: Նախատեսվում է, որ երկու տարվա ընթացքում դրանցում ուսուցում կանցնի շուրջ 1 մլն մարդ: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարեցներին, երիտասարդությանը և փախստականներին: Ծրագրում, ինչպես սպասվում է, կներառվեն մեդիաոլորտի ուսումնասիրումը և Համացանցի անվտանգ օգտագործման դասընթացը:
Բացի այդ, Facebook-ը մտադիր է մոտ 12,2 մլն դոլար ծախսել Ֆրանսիայում իր այն կառույցների գործունեության համար, որոնք զբաղվում են արհեստական ինտելեկտի մշակմամբ: Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը ձգտում է միջոցներ ներդնել ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ մարդկային ներուժի զարգացման գործում:
Facebook-ը հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում ուսումնառության շրջանում: Սոցիալական ցանցի ամսական լսարանն ավելի քան 2 մլրդ օգտատեր է ամբողջ աշխարհում: Ցուկերբերգն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ սոցցանցը մտադիր է նպաստել մինչև 2030 թվականը Համացանցից օգտվողների թիվը 5 միլիարդի հասցնելուն: