22/01/2018 16:42
Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ. Արարատ Զուրաբյան
Չեմ կարծում, որ նախագահի թեկնածուների առատ խումբ ունենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
«Կարծում եմ, որ իմանալով «Հանրապետականի» ընտրելու հնարավորությունները՝ իրենք վատ լուծում չեն գտել: Մեծամասնություն ունեն իրենք, ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ: Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասական այն եմ համարում, որ որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում՝ նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու այն իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում», - նշեց պատգամավորը:
Զուրաբյանը նշեց, որ դաշինքը դեռ չի քննարկել Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու հարցը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Արմեն Սարգսյանը չշտապեց պատասխան տալ Հանրապետականի առաջարկին և մտածելու ժամանակ խնդրեց՝ Զուրաբյանն ընդգծեց.
«Այնքան էլ մեծ կարծիքի չեմ Հանրապետականի մասին, բայց գոնե այս առումով նրանք, կարծում եմ, Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակացություն անցկացրած կլինեն և պարզած կլինեն, հետևաբար, եթե հայտարարվել է, Արմեն Սարգսյանի կողմից էլ հերքում չի եղել, դա արդեն համաձայնության նշան է»: