22/01/2018 11:40
Արմեն Սարգսյանի անունը չի կապվում ՀՀԿ-ի շուրջ եղած սկանդալների հետ. Արարատ Միրզոյան
«Ելք» դաշինքը կհանդիպի ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Այդ հանդիպումը մեծ հաշվով «Ելքի» քվեարկության վրա չի անդրադառնա։ «Ելք»-ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ ձայների համար ստորագրություն չհավաքվեց, բայց «Ելք»-ը պիտի շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը», - նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց Արմեն Սարգսյանը ՀՀԿ առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալել։