22/01/2018 12:00
Դաշնակցության կողմից վերջին 125 տարում ոչ մի կրեատիվ բան չենք տեսել. Գևորգ Գորգիսյան
Հունվարի 19-ին անցկացված ընդդեմ թանկացումների երթը «Ելք» դաշինքը հաջողված է համարում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Դիտարկմանը, թե ՀՅԴ խմբացության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ կարել էր ավելի կրեատիվ գտնվել, այլ ոչ թե կանաչ ջորի բրդել, Գորգիսյանն արձագանքեց. «Դաշնակցության կողմից վերջին 125 տարում ոչ մի կրեատիվ բան չենք տեսել»։
Նա ընդգծեց, որ «Ելք»-ի հաջորդ երթը կանցկացվի փետրվարի 5-ին, իսկ օրն ընտրվել է՝ ելնելով նրանից, որ մարդիկ այդ օրերին ստանալու են արդեն աշխատավարձ։
«Այն գումարը, որ մարդիկ տնտեսել էին ամանորյա թոհուբոհից, չի հերիքելու մինչև ամսվա վերջ, ու մենք սպասում ենք, որ փետրվարի 5-ին շատ ավելի մարդ է լինելու։ Անկախ նրանից՝ թանկացումներ մասին ինչ են ասում վարչապետը կամ այլ քաղաքական անձինք, այդ ամենը մենք զգում ենք մեր մաշկի վրա», - նշեց Գորգիսյանը։
Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ասաց, որ Աղվան Վարդնայանը բավականին ողջամիտ քաղաքական գործիչ է ու այս գնահատականը, հավանաբար, պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով։
«Վստահաբար Աղվան Վարդանյանն այլ կարծիք ունի, և առանձին քննարկումներում այլ կարծիք կհայտնի», - նշեց Միրզոյանը։
Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց նաև, որ «Ելք»-ը կմասնակցի ԱԺ-ում վաղն անցկացվելիք թանկացումների վերաբներյալ լսումներին։
«Խորհրդարանական լսումները մի նպատակ ունեն՝ իմիտացիա ստեղծել, որ ՀՀԿ ներկայացուցիչները մտահոգված են թանկացումներով, բայց դրանք ունեն մի աղբյուր՝ Հարկային օրենսգիրք», - եզրափակեց խոսքը նա։