22/01/2018 17:15
Դատախազը խեղաթյուրել է փաստերը և պատվեր է կատարում. Սամվել Բաբայանը բացարկ հայտնեց դատախազին
Այսօր Վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Արամ Արամյանին։
«Դատախազը իր մեղադրանքում գլխավոր ու կարևոր փաստերը չի ընդգրկել, իսկ առաջին ատյանի դատարանն էլ արտագրել է այդ մեղադրանքից։ Ես իրանց բերած փաստերով կապացուցեմ ձեզ, որ դատախազը խեղաթյուրել ա գիտակցաբար։ Ինքը վատ դերակատար ա։ Դրա համար կարող եմ ասել, որ ինքը պատվեր է կատարում», - դիմելով դատարանին՝ հայտարարեց Բաբայանը։
Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը ևս պաշտպանեց դատախազին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
«Մարդը պատվեր ա կատարում։ Անմեղ մարդկանց արդեն տասը ամիս ա նստացրել են», - հայտարարեց Գաբրիելյանը։
Վերաքննիչ բողոք ներկայացրած մյուս ամբաստանյալը՝ Արմեն Պողոսյանը ևս միացավ դատախազին բացարկ ներկայացնելու միջնորդությանը։
«Ներկայացված միջնորդությունը անհիմն է։ Ամբաստանյալների կողմից չմատնանշվեց որևէ իրավաբանական հիմնավորում ինքնաբացարկի հետ կապված։ Ընդամենը ասվեց, որ մեղադրող կողմը կողմնակալություն է դրսևորել այս գործով, որը զուրկ է փաստական հիմնավորումից։ Խնդրում եմ մերժել», - դիմելով դատարանին հայտարարեց դատախազ Արամ Արամյանը։
Մի քանի րոպե խորհրդակցական սենյակում մնալուց և վերադառնալուց հետո նախագահող դատավոր Համբարձումյանը հայտարարեց, որ մերժվում է ամբաստանյալների միջնորդությունը։
Բոլոր երեք ամբաստանյալները Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի կայացրած վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Պողոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։