22/01/2018 13:30
Էկվադորի նախագահ. Ասանժը պարտավորվել է հանդես չգալ պետությունների ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով
Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը պարտավորություն է ստորագրել՝ հանդես չգալ պետությունների ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով, հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:
«Նա համաձայնագիր է ստորագրել, որ այսուհետև չի արտահայտվելու ոչ Էկվադորի, ոչ էլ այլ երկրների քաղաքականության մասին», - նշել է Մորենոն: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը «համապատասխանում է ապաստանի տրամադրման նորմերին», որից Ասանժն օգտվում է 2012 թվականի հուլիսից:
Միևնույն ժամանակ Էկվադորի ղեկավարը նշել է, որ Մեծ Բրիտանիայում՝ Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում, Ասանժի գտնվելը «խնդիր է», որը ներկայիս կառավարությունը ժառանգել է նախկին նախագահ Ռաֆայել Կորրեայից: Նա ավստրալացուն ասպաստան է տրամադրել մարդասիրական նկատառումներով, հիշեցրել է Մորենոն: Փորձելով լուծել Ասանժի հետ կապված խնդիրը՝ «նրան տրամադրվել է Էկվադորի քաղաքացիություն և դիվանիտական կարգ», որպեսզի նա կարողանա լքել Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանատան տարածքը:
«Խնդիրը մնում է», - նշել Է Էկվադորի նախագահը՝ հավելելով, որ երկրի ԱԳ նախարարությունը մտադիր է այն լուծել «կարևոր մարդկանց միջնորդությամբ»: