22/01/2018 14:51
Մոգերինի. Միայն երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարևելյան հակամարտությունը
Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարևելյան հակամարտությունը, երկուշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին, որը բացվում է Բրյուսելում, հայտնում է ТАСС-ը:
«Այո, Երուսաղեմի շուրջ իրադրությունը մնում է բարդ: Եվրամիությունը շարունակում է հավատալ, որ միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա մերձավորարևելյան հակամարտությունը լուծել ուղղակի բանակցությունների ճանապարհով: Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կշարունակենք աշխատել այդ խնդրի շուրջ, մասնավորապես, Մերձավոր Արևելքի խնդրով միջնորդների քառյակի շրջանակներում», - նշել է նա:
Մոգերինին հավելել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները նաև հանդիպում կանցկացնեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որը նախօրեին Բրյուսել իր այցի նախաշեմին Եվրամիությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը ի պատասխան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման: