22/01/2018 16:40
Ինչի՞ եք էդքան նկարում. դատավորը դեմ էր, որ Բաբայանի գործով նիստը տեսագրվի
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, երբ մեկնարկեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաքննիչ բողոքի քննությունը, նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը սկզբում չհամաձայնեց, որ լրատվամիջոցները նկարահանեն նիստը, սակայն խորհդակցելուց հետո զիջեց դիրքերը։
Լրագրողները, հաշվի առնելով գործի հնչեղությունը, միջնորդեցին տեսանկարահանել ամբողջ դատական նիստը, սակայն նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը ասաց, որ հարցի շուրջ պետք է խորհրդակցի դատավորների կազմի հետ։
Մի քանի րոպե դատավորներ Մանուշակ Պետրոսյանի և Մխիթար Պապոյանի հետ խորհրդակցելուց հետո Համբարձումյանը հայտարարեց.
«Դատարանը խորհրդակցելով որոշում կայացրեց թույլատրել լրատվամիջոցներին նկարահանել այսօրվա նիստը։ Աշխատեք ռեպորտաժի համար նյութ պատրաստել, ինքներդ որոշեք ձևաչափը։ Շատ երկրների դատարաններ ընդհանրապես չեն թույլատրում տեսագրում, ձայնագրում։ Մեր երկրի քրեական դատավարության օրենսդրությամբ այդ հարցը կարգավորված չէ։ Սակայն մամուլի ազատությունը հարգելով՝ մենք թույլ ենք տալիս, որ լուսաբանում տեղի ունենա»։
Երբ արդեն նախագահող դատավորը պատրաստվում էր կողմերին հարցեր տալուն, դատավոր Մանուշակ Պետրոսյանը լրատվամիջոցների վրա բարկացավ. «Ինչի՞ եք էդքան նկարում։ Ձեր աշխատանքը կատարեք։ Անպայմա՞ն է դատարանին ամեն րոպե նկարեք»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը վերաքննիչ բողոք են ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարան։ Նրանք երեքն էլ Վերանքննիչ դատարանից պահանջում են արդարացնել իրենց։