22/01/2018 13:22
Պենտագոնի ղեկավար. Թուրքիան նախազգուշացրել էր քրդերի դեմ գործողության մասին
Թուրքիան ԱՄՆ-ին նախօրոք հայտնել էր, որ պլանավորում է Սիրիայի հյուսիսում ավիահարձակումներ կատարել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայից քրդերի դեմ, որոնց աջակցում է Վաշինգտոնը:
Հունվարի 22-ին այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
«Թուրքիան անկեղծ էր: Նրանք մեզ նախազգուշացրել էին, նախքան օդուժն ուղարկելը խորհրդակցել էին մեզ հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
«Եվ այժմ մենք աշխատում ենք այն բանի վրա, թե այնուհետև ինչպես գործենք: Մենք դա կորոշենք», - հավաստիացրել է նախարարը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում, որտեղ բնակվում են շուրջ 1,5 միլիոն սիրիացի քրդեր, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին: