22/01/2018 15:22
Սփյուռքից ներդրումներ բերելու համար այսօր 120 բիզնես ծրագիր ենք դրել. Հրանուշ Հակոբյան
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Սփյուռքի նախարարությունը, ներդրողներին ՀՀ բերելու և պահելու համար, որպեսզի նրանք մի անգամ ներդրում չանեն ու հեռանան, խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախարարից հետաքրքրվեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նկատեց, որ նախարարությունն իր կարողությունների շրջանակում անում է հնարավոր ամեն բան։
«Մենք այդ աշխատանքը քարոզչական առումով իրականացնում ենք։ «Մեկ պատուհանի սկզբունք» ծրագրով այսօր 120 բիզնես ծրագիր ենք դրել,1200 բիզնեսմենի էլ այն բիզնես ծրագրերն ենք ուղարկել, որոնք տրամադրել է ներդրումների նախարարությունը», - նշեց նախարարը։
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ նախարարությունը սփյուռքահայերին ուղղորդում է դեպի զարգացման հիմնադրամ կամ ներդրումների նախարարություն ու հետևողական է լինում, որպեսզի նրանք որոշակի արդյունավետ համագործակցություն ունենան։