22/01/2018 12:44
Ցուցարարները Սեուլում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը և Կիմ Չեն Ընի դիմանկարը՝ ի նշան Օլիմպիադային մասնակցության դեմ բողոքի
Ցուցարարները երկուշաբթի Սեուլի կենտրոնում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը և նրա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարը ի նշան Փյոնչհանի Օլիմպիադային այդ երկրի մասնակցության դեմ բողոքի: Ակցիան կազմակերպել էր Կորեացի հայրենասերների ծայրահեղ աջ կուսակցությունը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով YTN հեռուստաալիքին:
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին կայարանի շենքում, որտեղ հանպատրաստից մամուլի ասուլիս են անցկացրել:
«Փյոնչհանի Օլիմպիադան աստիճանաբար վերածվում է Կիմ Չեն Ընի անվան Փհենյանի Օլիպիադայի՝ ճանաչում բերելով նրա միջուկային ծրագրին ու հյուսիսկորեական ռեժիմին», - հանրահավաքում հայտարարել է կազմակերպիչներից մեկը:
Այնուհետև ցուցարարները հրկիզել են Կիմ Չեն Ընի դիմանկարը, ԿԺԴՀ-ի դրոշը և, այսպես կոչված, միավորման դրոշը՝ Կորեական թերակղզու պատկերմամբ, որի ներքո երկու երկրների մարզիկները կանցնեն Խաղերի բացման արարողությանը: Ոստիկանները կրակը մարել են կրակմարիչների օգնությամբ: