23/01/2018 11:22
Խոսրով Հարությունյանը ապահովեց ԱՎԾ պետի «անձեռնմխելիությունը». նրան պատգամավորները հարցեր չեն ուղղի (Տեսանյութ)
Այսօր խորհրդարանում մեկնարկած գնաճի վերաբերյալ լսումները մեկնարկեցին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճով։
Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենց հնարավորություն չի տրվելու Ազգային վիճակագրական ծառայության պետին հարցեր ուղղել, ինչին Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հարկ չկա ԱՎԾ պետին ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ։
«ԱՎԾ պետը հաղորդմամբ է հանդես գալու և ոչ թե զեկույցով։ Օրենսդրությամբ Վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճի մեջ։ ԱՎԾ-ն կարող է ներկայացնել մեթոդաբանությունը, նրա ելույթը բացառապես տեղեկատվական է, նրան ներքաշելը քաղաքական դեբատների մեջ օրենսդրությամբ արգելված է», - հայտարարեց Հարությունյանը։
Արձագանքելով Հարությունյանին՝ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը բխում է ԱՎԾ զեկույցներից ու տարակուսած հավելեց. «Եթե հարց պիտի չտանք... այդ դեպքում ես առաջարկում եմ, որ ԱՎԾ պետը գնա իր գործերին, որովհետև իրենց զեկույցները հրապարակվել են, մենք կարդացել ենք, բոլորը տառաճանաչ են»։
Խոսրով Հարությունյանը կրկնեց նույնը: Բանավեճին միջամտեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և հորդորեց կրքեր չբորբոքել։
«Վիճակագրական ծառայության պետը հանդես կգա հաղորդումով, ելույթների ժամանակ եթե կծագեն հարցեր, որոնք ուղղված կլինեն ԱՎԾ պետին, նա հնարավորություն կունենա վերջում կամ ելույթի կարգով, կամ ամփոփման կարգով նորից ձայն վերցնել և անդրադառնալ բոլոր ելույթներին», - հայտարարեց Բաղդասարյանը։