31/01/2018 14:30
ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊՊԾ-ն և նոր ստեղծվելիք ՊՎԾ-ն կգործեն վարչապետի ենթակայությամբ
«Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի նախագիծը, որն այժմ դրված է հանրային քննարկման, բուռն քննարկման տեղիք է տվել. փորձագիտական շրջանակների պնդմամբ, այս նախագիծը «սուպերվարչապետական» համակարգի ստեղծման փորձ է։
Ի՞նչ է նախատեսում այս օրինագիծը։
Այսպես, պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները:
Եվ Կառավարությունը, և վարչապետը ունեն իրենց ենթակա մարմինները։ Օրինակ, կառավարությանը ենթակա մարմիններն են՝
Պետական եկամուտների կոմիտեն.
Քաղաքաշինության կոմիտեն.
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
Վիճակագրական կոմիտեն.
Առողջապահական տեսչական մարմինը.
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը.
Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը.
Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը.
Էներգետիկայի տեսչական մարմինը.
Կրթության տեսչական մարմինը.
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
Տրանսպորտի տեսչական մարմինը:
Ըստ նախագծի, կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
Իսկ վարչապետին ենթակա մարմինները Ազգային անվտանգության ծառայությունն է, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը:
Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին, ըստ օրինագծի, նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույնը վերաբերում է նաև վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին։
Օրինագծի անցումային և եզրափակիչ դրույթներով, օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Բացի այդ, Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված Կառավարությունը կազմավորումից մեկամսյա ժամկետում սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը:
Օրինագծով փոփոխվելու են առանձին կառույցների անվանումները։ Օրինակ, Ազգային վիճակագրական ծառայությունը կոչվելու է Վիճակագրական կոմիտե, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործելու է որպես Սննդամթերքի անվտանգության ծառայություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործելու է որպես Սոցիալական ապահովության ծառայություն, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործելու է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և այդպես շարունակ։