02/02/2018 12:59
1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշում
Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո, այս պահանջն ամրագրված է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համապատասխան որոշմամբ։
Իրավական ակտը Հայաստանի ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։
Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը, որը ծնողներին շատ տանջող խնդիրներից մեկն է, նույնպես կարգավորվում է այս որոշմամբ։
Ըստ փաստաթղթի, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
Նկատենք, որ դպրոցական պայուսակների ծանրության հարցը որոշ ժամանակ առաջ բարձրացվել է նաև խորհրդարանում, երբ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը փորձարկել ու հայտարարել էր, որ 6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է 5.2 կգ, ինչպես ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց նռնականետ՝ նռնակն էլ մեջը:
Որոշումը նաև կարգավորում է հաստատության սանիտարական վիճակին և պահպանմանը ներկայացվող պահանջները, որոնց համաձայն դպրոցները պետք է մաքուր լինեն, ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվի շենքերի հիմնական մաքրում:
Ամենօրյա խոնավ մաքրումը ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ, իրականացվում է սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում:
Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ շենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը՝ լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն: Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը:
Նախարարը նաև պահանջում ,է որ ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով:
Ախտահանումն ընդգրկում է շենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:
Զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
Նկատենք, որ այս որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի մայիսի 12-ին: