02/02/2018 13:57
Պամիդորով ու վարունգով չի ազգը երևում, Արամ Մանուկյանի արձանն ավելի լավ տեղում պետք է դրվի. Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգված է՝ այդ ինչ տեղ են որոշել հայ ականավոր գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու համար։
«Տեղն ինձ դուր չի գալիս։ Դա արձանի տեղ չի, դա, միանշանակ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։
«Արամ Մանուկյանի արձանն ավելի հարմար տեղում պետք է դրվեր», - ասաց Ֆերդինանտ Առաքելյանը՝ հավելելով, թե մենք սիրում ենք տրորել մեր պատմությունը։
Քանդակագործը հարցադրում արեց՝ ինչո՞ւ ավելի լավ տեղ չդնել արձանը, ինչո՞ւ կարկատան դարձնել Հանրապետության հրապարակին։
Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ արձանի մակետի վերջնական տեսքին չի հասցրել ծանոթանալ, սակայն նշեց, որ հասցրել է էսքիզներից մի քանիսին ծանոթանալ։
Ինչ վերաբերում է աշխատանքների ներկայացման մրցույթին, Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ հաղթող հեղինակը ի սկզբանե մրցույթին չէր մասնակցել։
«Հանկարծ մասնակցեց ու միանգամից շահեց։ Նախ, Արամ Մանուկյանի կերպարն այն կերպարը չէ, որ մի ամսում էսքիզ արվի։ Ընդհանրապես, չի կարելի այդպիսի բան անել։ Այս երկիրն անընդհատ անարդարությունների մեջ է, իսկ եթե արդեն նաև մշակույթն է անարդար, ուրեմն ամեն ինչն է անարդար։ Մշակույթն ազգի սիմվոլն է, ազգս այդ մշակույթով է երևում, պամիդորով ու վարունգով չի երևում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արամ Մանուկյանի արձանի մակետի լուսանկարը, իսկ ավելի ուշ՝ հրապարակել նաև մրցութային հանձնաժողովի կազմը։