05/02/2018 14:11
Հայաստանում շահագործվող գազաբալոնների 98 տոկոսն ընդհանրապես փորձարկված չէ. Տեսանյութ
Հայաստանում 300 հազար տրանսպորտային միջոց շահագործվում է գազային վառելիքով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գազաբալանոյին սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։
«Այս ցուցանիշով Հայաստանը տոկոսային հարաբերությամբ առաջին տեղն է գրավում ամբողջ աշխարհում։ Դրա շնորհիվ է, որ այստեղ հանրային ուղևորատար տրանսպորտից օգտվելն ամենացածր սակագներն ունեն աշխարհում։ Հաշվի առնելով այս դրական ցուցանիշները` ունենք նաև ցավալի ցուցանիշներ, որոնք կապված են պայթյունների, հրդեհների հետ», - ասաց Մ. Տիգրանյանը։
Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար Մկրտիչ Տիգրանյանը թվեր ներկայացրեց ԱԻՆ հրապարակած տվյալներներից.
«2014 թվականին 102 վթար է տեղի ունեցել, մահացել է 10 մարդ, հաշմանդամ դարձել՝ 19։ 2015 թվականին 92 դեպք է գրանցվել, 9-ը մարդ մահացել է, 7-ը՝ հաշմանդամ։ 2016 թվականին գրանցվել է 119 դեպք, զոհեր չեն եղել, 9-ը հաշմանդամ կա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ վթարներն աճի միտում ունեն»։
Բանախոսն ասաց, որ պայթյունները հիմնականում տեղի են ունենում գազալցակայաններում։
Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ հանրապետությունում 400 հազար գազաբալոնով կահավորված տրանսպորտային միջոցներից 2016 թվականի ընթացքում փորձարկվել է ընդամենը 4 100 գազաբալոն, 2017 թվականին՝ ընդամենը 3 400 գազաբալոն, որից 10 տոկոսը խոտանվել է։ Փորձարկված գազաբալոնների հիմնական մասը պատկանում է կազմակերպություններին, մնացած 98 տոկոսն ընդհանրապես փորձարկված չէ։
Ընկերության տնօրենի խոսքով՝ համապատասխան լծակներ չկան, որպեսզի գազաբալոնները փորձարկման ներկայացնելու կառավարության համապատասխան որոշումն ի կատար ածվեն։