05/02/2018 11:10
2017-ին բուժհիմնարկներից մանկատուն է տեղափոխվել 40 երեխա. Նրանցից 10-ը առողջ է եղել
2017 թվականին Հայաստանի մանկատներ է տարվել 147 երեխա, իսկ 190 երեխա էլ վերադարձել է ընտանիքներ, Aysor.am-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։
Նրա խոսքով, եթե երեխաների ընդունման պահին Հայաստանի մանկատներում եղել է 650 երեխա, ապա դուրսգրումից հետո այս պահին մանկատներում մնացել է 620 երեխա։
Մասնագետը նկատեց, որ տարվա ընթացքում մանկատներ երեխաներ ուղեգրվել են հիմնականում բժշկական հաստատություններից, մասնավորապես, ծննդատներից։
«Երբեմն ծննդատանը հրաժարվում են երեխայի նկատմամբ ունեցած պարտավորություններից, իրավունքներից, սակայն երեխան բուժման կարիք է ունենում, տեղափոխվում է այլ կլինիկա։ Բուժում ստանալուց հետո, երբ արդեն առկա է նրանից հրաժարման մասին տեղեկանք՝ նոտարական կարգով հաստատված, բուժհաստատությունը անմիջապես երեխային տեղափոխում է մանկատուն», -ներկայացրեց Լենա Հայրապետյանը։
2017-ին շուրջ 40 երեխա բուժհաստատություններից տեղափոխվել է «Մանկան տուն», որը գտնվում է Երևանում և որտեղ ապրում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաները։ «Մանկան տուն» տեղափոխված 40 երեխաներից 10-ը առողջական խնդիր չի ունեցել։
Ընդհանուր առմամբ, այս մանկատանը, Հայրապետյանի խոսքով, տարվա ընթացքում առողջ եղել է 15-ը, որից 14-ը ընտրվել է որդեգրման համար և այս տարի վերջնականապես կորդեգրվեն։ Նրանց որդեգրում են հայաստանցիները։ Այս մանկատնից մեկ առողջ երեխա որդեգրվելու է օտարերկրացիների կողմից։
«Մնացածները բոլորը առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել», - տեղեկացրեց Լենա Հայրապետյանը։