07/02/2018 10:36
Դատավորներին պատժել նախատեսող Դատական օրենսգիրքն ընդունվեց. Դեմ էր միայն «Ելք»-ը
Այսօր Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ օրինագծի քվեարկության ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները արտահայտել են իրենց դիրքորոշումը և քվարկության ժամանակ խմբակցությունը կլինի ազատ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է լինելու օրինագծին և պատճառաբանեց՝ ինչու.
«Այս օրինագծով ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը։ Դատավորը իր արդարադատության ֆունկցիայի համար պատասխանատու չէ, և դատական ակտը կարող է ստուգման առարկա դառնալ բացառությամբ վերաքննության կարգով։ Եթե տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում և միջազգային դատարանը դա արձանագրել է, ապա, ինչպես արդարադատության նախարարը հայտարարեց, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան։ Այդ դեպքում, պատասխանատվության պետք է ենթարկվի արդարադատության նախարարը, որովհետև կազմակերպել է այդ դատական կատերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ինչպես նաև Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը»։
Ավելի վաղ Aysor.am ներկայացրել էր օրինագծի շուրջ քննարկումները։ Մասնավորապես, այս օրինագծով, ՄԻԵԴ վճիռների հիման վրա, երբ ճանաչվում է խախտման փաստը, դատավորը ենթարկվելու է պատասխանատվության։ Այսինքն՝ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։