08/02/2018 17:13
Մյասնիկյանի արձանին հարող այգում ծառերի հատումը թույլատրված էր, կտնկվեն նորերը. Երևանի փոխքաղաքապետ
Մյասնիկյանի արձանին հարող այգում, որտեղ այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծառերի հատումը թույլատրված էր, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«Այս նախագիծն ամբողջությամբ անցել է սահմանված ընթացակարգ, հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից։ Իրականացվում են այգու կառուցման աշխատանքներ, նախագծով գեղեցիկ միջավայր է կառուցվում երևանցիների համար։ Անցել են բոլոր փուլերը։ Բարեկարգման աշխատանքների մեջ մասնագիտական եզրակացությամբ եղել է, որ որոշակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով, որովհետև դրանք իրենց գոյությամբ, տեսակով ծերացած են ու անհամատեղելի են կողքի մշտադալար ծառերի հետ», - ներկայացրեց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով՝ այգու բարեկարգման ծրագում նախատեսվում է, որ կտնկվեն նոր ու փարթամ ծառեր։ Փոխքաղաքապետը անթույլատրելի է համարում այգու շուրջ ստեղծված աղմուկը և այն որակումները, որ տրվել են այդտեղ կատարվող աշխատանքների համար։
Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ հանցագործություն է տեղի ունեցել Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։
«Ես որպես հայ մարդ, Երևանի ավագանու անդամ, Երևանի փոխքաղաքապետ, պիտի ասեմ՝ թող Աստված օրհնի Հրանտ Վարդանյանի հիշատակը, գործը, թող մարդիկ ողջամիտ լինեն ուղղակի շնորհակալ լինեն նրա որդիներին հոր գործը շարունակելու համար։ Մարդիկ անհատույց, անշահախնդիր մի քանի միլիոն դրամի ներդրում են անում Հայաստանում՝ չակնկալելով որևէ շահ», - նշեց Արեյանը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ ծառերը հատվել են, քանի որ դրանց տակ եղել է փտած խողովակային համակարգ, և դրանք պետք է փոխարինվեն նորերով, քանի որ այգում տեղադրվելու է շատրվանային ժամանակակից համակարգ։