08/02/2018 13:15
Այսօրվանից գործարկվում են շարժական արագաչափերը. դրանք չեն ունենալու որևէ տարբերակող նշան ու գործելու են ՀՀ ողջ տարածքում (Տեսանյութ)
Այսօրվանից Հայաստանի ողջ տարածքում գործարկվելու են շարժական արագաչափեր: Ճանապարհային ոստիկանությունը դրանց գործարկումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այս տարվա միայն հունվարին Հայաստանում արձանագրվել է 254 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 36 մարդ զոհվել է:
Վարորդների գլխավոր մտահոգությունն է` ի՞նչ տեսք են ունենալու շարժական արագաչափերը, ո՞ր հատվածներում են գործելու և առհասարակ հնարավո՞ր է լինելու դրանց տարբերակել ու նկատել:
Ի պատասխան ոստիկանությունից նշում են` շարժական արագաչափերի գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդներն արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալուց հետո շարունակում են վարել գերազանցած արագությամբ:
«Դրանք կկիրառվեն ՀՀ ողջ տարածքում, բնականաբար, կկիրառվեն այն հատվածներում, որտեղ կան ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր», - ասել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Ըստ ճանապարհային ոստիկանության` շարժական արագաչափերի գործարկումը նպատակ ունի ոչ միայն հայտնաբերել իրավախախտ վարորդներին, այլև կրկնապատկել վարորդների զգոնությունը:
Մանրամասները` տեսանյութում: