09/02/2018 11:25
Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը. Փաշինյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին, համաձայն նախագծի՝ Հանրային խորհուրդը կազմված է լինելու 45 անդամից, կից գործելու է 15 ոլորտային մշտական հանձնաժողով:
Երեկ օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում ընթացել էր լարված մթնոլորտում: Ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնել խորհրդի գործունեության վերաբերյալ:
Վարման կարգով ելույթում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ տևական ժամանակ այդ մարմինը որևէ դրական իմպուլս հասարակությանը չի հաղորդել, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին: «Ելք» խմբակցությունը ևս դեմ քվեարկեց:
Վարման կարգով ելութից օգտվեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Փաստորեն, նոր էլ ՀՀԿ խմբակցությունը չհերքեց ու ես ուզում եմ մեկ արձանագրություն անել. եթե Սերժ Սարգսյանը ի հեճուկս իր խոստման որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»:
Ավելի վաղ, «Ներման մասին» օրենքի նախագծի քվեարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ առաջարկվող փոփոխությունները ցույց են տալիս՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին:
Նախագիծն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ: Դրանով ներման մասին որոշումը այլևս կայացնելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը: