09/02/2018 12:55
Գլխավոր դատախազը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է, որ խոշոր կաշառքի գործով կալանավորվածը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանն է (Տեսանյութ)
Հայաստանի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացահայտում՝ արդյոք առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով Քննչական կոմիտեի ձերբակալված բաձրաստիճան պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյա՞նն է, թե՞ ոչ։
«Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բացահայտման արդյունքում պարզվեց նաև համապատասխան քննչական կոմիտեի պաշտոնատար անձի գործողությունները։ Անմեղության կանխավարկածը չխախտելով ասեմ, որ նրան այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրված», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վերջերս աղմկահարույց բացահայտմանը։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
ՔԿ նախագահի խորհրադական Սոնա Տռուզյանը Aysor.am-ին տեղեկացրել էր, որ Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետ Թաթուլ Շուշանյանն ու վարչության երեք քննիչ այդ գործի շրջանակներում ազատվել էին աշխատանքից։
Արթուր Դավթյանը մանրամասնեց, որ Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քննիչը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել է այն հսկող Լոռու մարզի դատախազին, սակայն վերջինը չի հաստատել մեղադրական եզրակացությունը։
«Դատախազը տեսել է խնդիրներ գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու առումով և ուղարկել է լրացուցիչ քննության։ Դրա արդյունքում իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից և ուղարկվել Քննչական կոմիտե՝ դրա նախաքննությունը հատուկ կարևորագույն գործերով վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է։ Մենք այս բացահայտումները, ըստ էության, ունեցանք Քննչական կոմիտեի ՀԿԳ վարությունում քննության արդյունքում», - ներկայացրեց Դավթյանը։
Անդրադառանոլվ այս գործին քննչական կոմիտեի պատոնատար անձանց մասնակցության հարցին՝ Գլխավոր դատախազն ասաց, որ այդ փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կա կալանավորված մեղադրյալ, ձերբակալված ևս մեկ պաշտոնատար անձ։ «Այս քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն, հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը ամեն ինչ անելու ենք բացահայտելու համար», - վստահեցրեց Արթուր Դավթյանը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է կարծում այս գործով կարո՞ղ է օբյեկտիվ քննություն իրականացվել այն դեպքում, երբ կալանավոված բարձրաստիճան պաշտոնատար անձի աները Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնյա է, Դավթյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում, անկախ բարեկամական կապերից, իրականացվելու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն։ Այս պահին դատավարական կարգավիճակ ունեն երկու պաշտոնատար անձ, բայց նախաքննությունը դեռ նոր է սկսվել»։