09/02/2018 10:00
«Ժողովուրդ». Լավ կլիներ, որ իշխանությունները հիշեին նաև օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում և ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ», - սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկանքից:
Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղ: Բայց սա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձևավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեև նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները:
Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը: Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, ևս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաև պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: