09/02/2018 14:25
Լրագրողների անկախ արհմիությունը, առանց որևէ քաղաքական երանգավորման, միշտ լինելու է ցանկացած լրագրողի կողքին. Լևոն Սարդարյան
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիություն։
Արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ:
Aysor.am-ի հետ զրույցում արհմիության նախագահ Լևոն Սարդարյանը նշեց, որ արհմիության գաղափարը տարիների պատմություն ունի։
«Մի քանի տարի է՝ մտածում էինք, բայց ժամանակ չէր հերիքում ու մի քիչ էլ հավես, անցած տարի գարնան վերջին հավաք եղավ մի քիչ ավելի հին սերնդի լրագրողների, որտեղ որոշվեց, որ արհմիություն ունենալու գաղափարը ճիշտ է, այն պետք է լինի, դրանից հետո կամաց-կամաց սկսեցի զբաղվել՝ հիմնադիրների խորհուրդ, բանակցություններ, հավաքներ, զրույցներ, հետո գրվեց կանոնադրությունը, հետո ներկայացվեց պետական գրանցման գործակալություն ու երեք օր առաջ ստացել ենք դրական պատասխան», - ասաց Լևոն Սարդարյանը։
Նրա խոսքով՝ արհմիության ստեղծումը բավականին բարդ պրոցես է անցել։
«Ինչո՞ւ, որովհետև նախադեպ չկար, երբ լրագրողների արհմիություն է ստեղծվում, նախադեպ չկար իրավական առումով, որովհետև մեր արհմիությունների մասին օրենքը թերի է այդ իմաստով, շատ երկար ժամանակ չի վերամշակվել ու ինքը նախադեպ է», - նշեց արհմիության նախագահը։
Հարցին՝ համագործակցելո՞ւ են ժուռնալիստների միության հետ ու ի՞նչ քայլեր են անելու, որ չի արել միությունը, Լրագրողների անկախ արհմիության նախագահը պատասխանեց. «Անպայման ենք համագործակցելու ժուռնալիստների միության հետ, թե միությունը չի արել, ոնց է արել, հիմա ես գնահատակններ չեմ տա, ոնց կաշխատի՝ դեռ կերևա, մենք էլ կերևա, թե ոնց կաշխատենք, բայց, բնականաբար, մենք համագործակցելու ենք»։
Թե ի՞նչ խնդիրներ են լուծելու լրատվական դաշտում, Լևոն Սարդարյանն ասաց, որ լրատվական դաշտի «ամենացցուն խնդիրներից մեկն իրավագիտակցության խնդիրն է»։
«Այսինքն՝ լրագրողների մեծ մասը նույնիսկ չգիտի, թե իր իրավունքները, թե իր պարտականությունները, արհմիությունը որոշակիորեն զբաղվելու է այդ խնդիրների պրոպագանդայով լրատվական դաշտում՝ բացատրելով, թե ինչ կարելի է անել, ինչ պետք չի անել, բայց մեր սահմաններում, որ լրագրողների շահերի ու իրավունքների դաշտն է, արհմիությունը, միանշանակ, առանց որևէ քաղաքական երանգավորման, միշտ լինելու է ցանկացած լրագրողի կողքին», - նշեց Լ. Սարդարյանը։
Նշենք, որ արհմիության հիմնադիր խորհրդի կազմում են Հայկ Գևորգյանը, Աննա Իսրայելյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Հարությունյանը, Վահագն Թևոսյանը, Էրիկ Անթառանյանը, Ռուբեն Աբրահամյանը, Մհեր Արշակյանը, Մհեր Ղալեչյանը, Լևոն Սարդարյանը։
Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն: