09/02/2018 17:44
Կառավարության ընդունելությունների տունը անհամեմատ էժան գնով կդառնա պետական սեփականություն՝ նախագահի նստավայր լինելուց առաջ
Կառավարությունը առաջարկում է լուծարել Մաշտոցի 47 հասցեում տեղակայված «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և այն դարձնել պետական սեփականություն։ Ընդ որում, գույքը օտարվում է իրական արժեքից զգալի պակաս գնով։
Aysor.am-ի փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծ է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։
Ըստ նախագծի, առաջարկվում է «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Մաշտոցի 47 հասցեում տեղակայված 5727,2 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հա հողամասը, որը գնահատվել է 6 մլրդ 803 նլն 644,7 հազար դրամ արժեքով, օտարել ավելի պակաս գնով՝ 66 մլն 803.4 հազար դրամ արժեքով։ Գույքը օտարվելու է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
Նախատեսվում է 2018 թվականին նույնքան գումար պահուստային ֆոնդից հատկացնել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ անշարժ գույքը ձեռք բերելու համար։
«Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքի ցանկն այսպիսին է՝ հիմնական մասնաշենք, քոթեջներ, օդամղիչ կայան, կաթսայատուն, օժանդակ շինություններ, պահակատուն, հողամաս։
Գումարը ստանալուց հետո կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը 15-օրյա ժամկետում պետք է ապահովի օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։
Այս որոշման մեջ նշված աշխատանքներից հետո 30-օրյա ժամկետում Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը պետք է ապահովի Մաշտոցի 47 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Բացի այդ, «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ։
Լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովվելու է «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
Նկատենք, որ այս ամենն արվում է, քանի որ Մաշտոցի 47 հասցեում տեղակայված այս շենքը ապրիլի 9-ից հետո դառնալու է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի նստավայրը։