09/02/2018 11:17
Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկություն ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ ձայնով ընդունեց «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Համաձայն «Ներման մասին» օրենքի՝ վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին:
Այս դեպքում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ դիմի ՍԴ:
Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումով ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ ներքին որոշում ունի Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու, իսկ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ իրավունքը շնորհված է նախագահին, մինչդեռ առաջարկվող օրենքով նախագահը զրկվում է այդ իրավունքից և ձևական բնույթ կրում, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ նախագիծը Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունի և խմբակցության պատգամավորները թողնված են ազատ քվեարկության:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստում «Ներման մասին» օրինագիծը մանրամասն ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նախագծին դեմ էին արտահայտվել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: