12/02/2018 18:57
Թաթուլ Շուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Մանրամասներ
Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, որը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Aysor.am-ին փոխանցում են քննությանը մոտ կանգնած աղբյուրները։
Քրեական գործի նախաքննության շրջանակներում նա հայտարարել է, որ մեղադրանքում մատնանշված արարքները իր կողմից չեն կատարվել և ինքը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին (ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանին) տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
ՔԿ նախագահի խորհրադական Սոնա Տռուզյանն Aysor.am-ին տեղեկացրել էր, որ Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետ Թաթուլ Շուշանյանն ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ այդ գործի շրջանակներում ազատվել էին աշխատանքից։
Այսպես, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նկատենք՝ մինչ այժմ պաշտոնապես չի հայտարարվել, որ կալանավորված պաշտոնյան Թաթուլ Շուշանյանն է։ Օրերս ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր այդ տեղեկությունը։
«Այս քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն, հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը ամեն ինչ անելու ենք բացահայտելու համար», - ասել էր գլխավոր դատախազը։