12/02/2018 16:16
Հունաստանը Թուրքիային մեղադրել է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները խախտելու համար
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը և Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), հայտնում է РИА Новости-ն:
Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, և նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ և աշխատանքն սկսել այնտեղ: Մինչ այդ ENI իտալական նավթընկերությունը ֆրասիական Total-ի հետ միասին հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում և փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիրակի հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում և նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական է որակել Թուրքիայի գործողությունները: «Թուրքիան շարունակում է կասկածի տակ դնել միջազգային իրավունքը՝ կոպտորեն խախտելով Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արևելյան Միջերկրականում:
Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից և կատարել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները»,-ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ: