12/02/2018 16:50
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման կհանձնվի մոտ ապագայում
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
«Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք այդ իրադարձությանը», - ասաց նա:
Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա:
Դեսպանը նշեց նաև, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը:
«Մենք այս հարցը քննարկում ենք, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,- ասաց Սաջադին:
Նա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն են իրականացնում:
«Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում ևս համագործակցություն ձևավորել»,- ավելացրեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Իրան- Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև1000 ՄՎտ-ի:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: