12/02/2018 20:09
«Անկապ, անիմաստ բաներ է հայտարարում». Շիրակի պետհամալսարանում դասախոսը հացադուլ է հայտարարել
Շիրակի պետական համալսարանում ամիսներ շարունակում կրքերը չեն հանդարտվում։ Նախորդ մի շարք աղմկահարույց պատմություններին հաջորդել է Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի անժամկետ հացադուլը, որը վերջինս հայտարարել է այսօր առավոտյան՝ դրա մասին գրառում կատարելով նաև իր ֆեյսբուքյան էջում։
Aysor.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում պետք է տեղի ունենար խորհրդի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր դեկանների ընտրության հարցը։
«Երբ հավաքվեցինք քննարկելու հարցը, պարզվեց, որ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը կոպտորեն խախտեց բուհի կանոնադրությունը, ինչին մենք չհամաձայնեցին», - ասաց Համբարյանը։
Նա պատմեց, որ ռեկտորին են ներկայացրել կանոնադրության մեջ առկա բոլոր կետերը.
«Դրանից հետո պարոն Մինասյանը բացահայտ սկսեց կեղծիքների դիմել։ Բուհի կանոնադրության մեջ կամայական 13 փոփոխություն է մտցրել, ինչն անվանում է աննշան փոփոխություններ։ Կանոնադրության մեջ նույնիսկ ստորակետի փոփոխությունը պետք է տեղի ունենա այն գերատեսչության ողմից, որի կողմից հաստատվել է, իսկ դա ՀՀ կառավարությունն է»։
Դասախոսն ասաց, որ ռեկտորին առաջարկել են՝ եթե ուզում են կանոնանդրության մեջ փոփոխություններ մտցնել, դա պետք է անել օրենքով սահմանված կարգով։
Այսօր, սակայն, բուհում ընտրություններ են անցկացվել։
«Դրանք եղել են ապօրինի, բուհի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրության կանոնակարգի կոպիտ խախտում է։ Հիմա նաև ձեր միջոցով դիմում եմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, ինչև նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, որպեսզի վերջիններս շատ արագ արձագանքեն այն խայտառակ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում համալսարանում»։
Գագիկ Համբարյանը նաև հայտնեց, որ այս պահին ոստիկանությունը հերթապահություն է սահմանել, օրվա ընթացքում նաև շտապօգնության մեքենան է ժամանել բուհ։
Հացադուլ հայտարարած դասախոս Հովհաննես Խորիկյանը փակված է ամբիոնի տարածքում, օրվա ընթացքում հանդիպել է քիչ թվով մարդկանց հետ։
«Այս ամենի մասին շատ ինքնագոհ է արտահայտվում Սահակ Մինասյանը։ Հարցազրույցների ժամանակ ուղղակի ապատեղեկատվություն է տարածում, անկապ, անիմաստ բաներ է հայտարարում, ինքն իրենից գոհ, քմծիծաղը դեմքին լրագրողներին ասում է, թե եթե այս ամենին համաձայն չէ Խորիկյանը, թող դիմի դատարան։ Այնքան համոզված է իր լկտիության մեջ, որ ամեն ինչ կուլ է տալու, դրա համար էլ քամահրական տոնով հայտարարում է, թե ինչ ուզենա կանի և չի պատժվելու», - ասաց Գագիկ Համբարյանը։
Նա նաև ընդգծեց, թե բուհի ռեկտորն այդ ամենն անելու պատճառներ, հավանաբար, ունի, քանի որ, ըստ դասախոսի, ինքը 4.5 ամիս շարունակ բացահայտում է ռեկտորի հանցագործությունները, սակայն դրանք մնում են անպատիժ։
«1 միլիոն դոլարից ավելի գումար ունեցող բուհը հիմա կանգնած է ֆինանսական ճգնաժամի առաջ։ Ռեկտորը չի վճարում դասախոսների ժամավճարները, հավելավճարները, գերազանց ուսանողները դեռ կրթաթոշակները չեն ստացել», - տեղեկացրեց Գագիկ Համբարյանը։