13/02/2018 09:45
Հայաստանի մանկատներում առողջ երեխաների թիվը պակասում է, իսկ մասնագիտացված մանկատները գերծանրաբեռնված են
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցի բաժնի պետ Լենա Հայրապետյանն իր երկարամյա աշխատանքային փորձի արդյունքում արձանագրել է, որ եթե տարիներ առաջ շատ էին նաև առողջ երեխաներից հրաժարվելու դեպքերը, ապա այժմ այդպես չէ։
«Այս պահին հիմնականում հիվանդության պատճառով են երեխաներից հրաժարվում ծնողները։ Առաջ մանկատներում ավելի շատ առողջ երեխաներ էին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց տիկին Հայրապետյանը։
2017 թվականին Հայաստանի մասնագիտացված մանկատներ՝ «Խարբերդի», «Մարի Իզմիրլյան» և «Գյումրու երեխաների տուն», են տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 59 երեխա։
Եթե նախկինում կային «Հույս», «Զատիկ» մանկատները, որտեղ ապրում էին առողջ երեխաները, ապա այժմ դրանք չկան։ Ավելին, շուտով Վանաձորի մանկատան վերակազմակերպման վերաբերյալ կառավարությունը որոշում կընդունի։
«Այսինքն՝ այլևս մանկատան կարիքը չկա, ինչպես 5 տարի առաջ էր», - նշեց Լենա Հայրապետյանը։
Մեկ այլ հանգամանք ևս ընդգծեց մասնագետը. իրենց երեխաներին մանկատուն տեղափոխող բոլոր ծնողները նրանցից հրաժարվելու դիմում են ներկայացնում։ Նրա խոսքով՝ երբ ծնողները արտերկրում են կամ ունեն սոցիալական խնդիրներ, կամ քրեակատարողական հիմնարկներում են, նրանց երեխաներին իր խնամքի տակ է վերցնում պետությունը։ Այդ ծնողները, ըստ նախարարության պաշտոնյայի, իրենց երեխաներից չեն հրաժարվում։
«Մանկատներում առողջ երեխաների թիվը պակասում է։ Նույնիսկ կարելի է ասել՝ գերծանրաբեռնված են մասնագիտացված մանկատները։ Այդ մանկատներում պլանային թիվը, ինչքան նախատեսում ենք, որ պետք է երեխաներ լինեն, երբևիցե թիվը չի պակասում, շատ են երեխաները», - ասաց Լենա Հայրապետյանը՝ նկատելով, որ Հաայստանում մեծ խնդիր է դարձել առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին իրենց ընտանիքներում պահելը։
Նրա խոսքով՝ որպեսզի այդ երեխաները մնան իրենց ընտանիքներում, պետք է համայնքներում ենթակառուցվածքները զարգացնել, համայնքային ծառայությունները դարձնել մատչելի, հասանելի։