13/02/2018 18:10
«Ձեր պատճառով ամբողջ երկիրն է քաքի մեջ», «#գՈՌապաշտ ՀՀԿ». Կանանց բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց
«Կանայք ռեժիմի դեմ», «Ձեր պատճառով ամբողջ երկիրն է քաքի մեջ», «#գՈՌապաշտ ՀՀԿ» և այլ գրություններով պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց կանայք բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք նաև սուլիչներով սուլում են։
«Ես սուլում եմ, որովհետև կանայք ամեն օր բռնության են ենթարկվում։ Արդեն հերիք եղավ, կանայք պետք է միավորվեն և պայքարեն։ Այսօրվա կատարվածը ցույց է տալիս, որ կնոջը ամեն կերպ փորձում են լռեցնել՝ անկախ նրանից, թե կանայք տանն են, թե հանրային վայրում», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բոողքի ակցիայի մասնակից Աննա Նիկողոսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու նիստում Երևանի ավագանու «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները բանկաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը և նրանք փորձում էին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի բանկաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։