13/02/2018 15:50
«Ելքի» խրատը՝ կնոջը, մարդուն չեն ծեծում, Տարոն Մարգարյանի արձագանքը` որևէ մեկը ուժ չի կիրառում որևէ մեկի նկատմամբ
Պետք է հասկանալ, որ կնոջը, մարդուն, առհասարակ, չեն ծեծում, ես անձամբ չէի ծեծի, ավագանու նիստին, անդրադառնալով այսօրվա միջադեպին, ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտարարեց, որ «Ելքը» դատապարտում է նման քայլերը:
«Եթե նման քայլեր է լինելու այս սրահում, նշանակում է` մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ», - ասաց նա:
«Վախեցնո՞ւմ ես», - արձագանքեցին ՀՀԿ-ականները:
«Չեմ վախեցնում, զգուշացնում եմ, որ եթե պետք է ավագանու անդամներին հարվածել, կարող են նաև անդամները պաշտպանվել, ձեզ նման քայլ թույլ մի տվեք, կնոջը չեն հարվածում, մարդուն չեն հարվածում, եթե դա համարում եք սխալ, մի արեք նույն բանը», - ասաց նա:
Ալեն Սիմոնյանին արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, թե իրենք էլ են դատապարտում ուժի կիարառումը:
«Այստեղ որևէ մեկը ուժ չի կիրառում որևէ մեկի նկատմամբ», - ասաց Տարոն Մարգարյանը: