13/02/2018 14:34
Եկել, մեծ-մեծ խոստումներ էր տալիս. հացադուլ հայտարարած դասախոսը՝ ռեկտորի մասին
Շիրակի պետական համալսարանում դասախոս Հովհաննես Խորիկյանը շարունակում է երեկվանից հայտարարած անժամկետ հացադուլը։
«Շարունակում եմ հացադուլը, գիշերը մնացել եմ ամբիոնում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանը։
Շտապօգնության աշխատակիցները ստուգել են Խորիկյանի առողջական վիճակը, ամեն ինչ նորմալ է։
Հիշեցնենք, դասախոսը երեկվանից փակվել է ամբիոնում և անժամկետ հացադուլ հայտարարել՝ այդպիսով ընդվզելով համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների դեմ։
Բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը պնդում են, որ ամբիոնի վարիչների և ֆակուլտետների դեկանների ընտրություններն անցկացվել են ապօրինի։
«Դրանք եղել են ապօրինի, բուհի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրության կանոնակարգի կոպիտ խախտում է։ Հիմա նաև ձեր միջոցով դիմում եմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, ինչև նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, որպեսզի վերջիններս շատ արագ արձագանքեն այն խայտառակ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում համալսարանում», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր Գագիկ Համբարյանը՝ միաժամանակ նշելով, որ ռեկտորը բուհի կանոնադրության մեջ կամայական 13 փոփոխություն է մտցրել։
«Հացադուլս շարունակելու եմ այնքան, մինչև կրթության և գիտության նախարարն արձագանքի։ Առանձնապես մի խնդիր չկա, որ չարձագանքեն կամ մտածեն, թե այն պետք է մնա մինչև վերջ կոծկել», - ասաց Հովհաննես Խորիկյանը։
Տեղեկացանք նաև, որ երեկ երեկոյան Խորիկյանին են հանդիպել ռեկտորի կողմնակիցներից 3 հոգի։
«Հետո անձամբ ռեկտորն է եկել, հորդորեց, որ դադարեցնեմ հացադուլը, մեծ-մեծ խոստումներ տվեց։ Ինչքան ես հասկացա ու դա ակնհայտ էր, ավելի շատ մտածում էր իր մասին, ոչ թե իմ», - ասաց դասախոսը։
Հարցին, թե ինչպիսի խոստումներ է տվել ռեկտորը, Հ. Խորիկյանն արձագանքեց.
«Որ ձեր համար վաղվանից այնպիսի հրաշք բաներ կսկսեն, դու միայն դադարեցրու հացադուլը, հայտարարություն տարածի, թե հանդիպել ենք ռեկտորի հետ, քննարկել ենք իրավիճակը, ամեն ինչ նորմալ ու իդեալական է։ Երեկ էլ գիտական խորհրդում որոշում են ընդունել, որ պետք է քննադատեն ինձ ու Գագիկ Համբարյանին՝ բուհի հեղինակությունը վարկաբեկելու մեջ»։
Aysor.am-ի հետ զրույցում բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասել էր նաև, թե ռեկտոր Սահակյանն անդրադառնալով հացադուլ հայտարարելու իրողությանն, ասել է, թե կարող են դիմել դատարան։
Արձագանքելով սրան՝ Հովհաննես Խորիկյանն ասաց, թե անպայման են դատարան դիմելու, սակայն ոչ դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրության հարցով։
«Դատարան դիմելու համար շատ ավելի լուրջ պատճառներ կան, այնպես չէ, որ ինքն է մեզ հուշում, թե ինչ անենք։ Այդ տարբերակը միշտ էլ կա, մենք գիտենք, թե ինչ հարցով ենք դիմելու դատարան։ Նախ պետք է ապացուցեն, թե այդ ինչպես են մտածել, որ համալսարանի գրադարանի 15 տոննա գիրքը վտանգավոր է առողջության համար և ոչնչացրել», - ասաց Հ. Խորիկյանը։
Նա տեղեկացրեց, թե ոստիկանության աշխատակիցներ էլ կան բուհում.
«Հսկում են ինձ, շատ բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը»։