14/02/2018 16:26
Նախագահականի՞ց պետք է նախարարին պարտադրեն, որ կարգի հրավիրի իր բեսպրեդելշիկ ընկերոջը. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանում այսօր էլ ուսանողները շարունակում են երեկվանից սկսած դասադուլը։
«Ուսանողները չեն գալիս դասի։ Նրանք պայքարում են ռեկտորի ապօրինությունների դեմ։ Եթե մինչ այս կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից պահանջում էինք, որպեսզի չեղյալ հայտարարի գիտխորհուրդը, հիմա արդեն նախարարից պահանջում ենք բեկանել ընտրությունների արդյունքները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
Դասախոսը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ռեկտոր Սահակ Մինասյանը կամայական փոփոխություններ է մտցրել բուհի կանոնադրության մեջ, այն փետրվարի 13-ին գիտխորհրդի նիստի ընթացքում ներկայացրել է անդամներին, որպեսզի այդ փոփոխությունների արդյունքում տեղի ունենան ամբիոնների վարիչների և ֆակուլտետների դեկանների նոր ընտրություններ, ինչին էլ դեմ են արտահայտվում որոշ դասախոսներ և ուսանողներ.
«Սահակ Մինասյանը խախտել է բուհի կանոնադրության 98-րդ կետի 3-րդ ենթակետը և 102-րդ կետերը։ Բացի այս կետերում փոփոխությունների մտցնելուց, ռեկտորը թվով 11 կետերում ևս կամայական փոփոխություններ է մտցրել։ Հիմա էլ նստել ու ասում է՝ լավ եմ արել, ինչ որ արել եմ, կրթության և գիտության նախարարն էլ իր ընկերն է ու իրեն պետք է պաշտպանի», - ասաց Գ. Համբարյանը։
Դասախոսն ասաց, որ թեև հանդես են եկել և՛ բաց նամակով՝ նախագահին ու վարչապետին, և՛ գրավոր նամակ են ուղարկել կրթության և գիտության նախարարին, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
«Պարոն նախարարը ժպիտը դեմքին երեկ Պետական համալսարանում պարգևներ էր հանձնում ուսանողներին, այն դեպքում, երբ Շիրակի պետական համալսարանում իր ընկերը բացահայտ անօրինակություններ է իրականացնում։ Նախարարությունը մինչև հիմա լռում է, այսինքն՝ ռեկտորի բոլոր «բեսպրեդելությունների» թեմայով մենք անընդհատ պետք է նամակներ գրենք նախագահին ու վարչապետին։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին մեր բարձրացրած աղմուկից հետո պարոն նախարարը եկավ և ոտքի վրա բեկանեց ռեկտորի ընդունած հակաօրինական բազմաթիվ որոշումներ։ Ի՞նչ է, ամեն անգամ պետք է նախագահին դիմենք, որպեսզի նախագահականից էլ նախարարին պարտադրեն, որ կարգի հրավիրի՞ իր «բեսպրեդելշիկ» ընկերոջը», - նշեց Գ. Համբարյանը։
Նա ասաց, թե իրենք չեն ուզում, որ դասադուլը շատ երկար տևի, քանի որ դա նաև վնասում է ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը.
«Գիտեք՝ ինչն է շատ վիրավորական, երբ Երևանում է ինչ-որ բան տեղի ունենում, նախարարը յուրահատուկ վախեցած դեմքով շատ արագ արձագանքում է։ Լավ, հասկացանք, մարզ է, մարզային բուհ է, բայց չափ կա, օրենք կա։ Ինչը որ վերաբերում է Երևանի բուհերին, նույնն էլ պետք է վերաբերի մարզային բուհերին»։
Վերջում Գագիկ Համբարյանը ընդգծեց՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք, ոչ մի դադար չի լինելու։