14/02/2018 14:03
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են. Արա Բաբլոյան
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
«Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը և ձգտումները»,- միջոցառմանն իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Միասին» ցուցահանդեսում ընդգրկվել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ`տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն:
«Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ներուժը»,- ասել է Արա Բաբլոյանը:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: