15/02/2018 12:07
Որևէ սպառնալիք չի եղել, մարդիկ իրար լավ չեն հասկացել. «Մեդիալաբի» խմբագրի սպառնալիքի գործով կասկածյալի փաստաբան
«Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ քննչական գործողություններ են իրականացվում և որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։
Սպառնալիքներ հնչեցրած անձը՝ Facebook ցանցում Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերն է, որը «Մեդիալաբում» հրապարակված ծաղրանկարներից մեկում սպառնալից մեկնաբանություններից հետո նամակներ է գրել Մարիաննա Գրիգորյանին։
Հայկ Օհանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ հարուցելու և ավելին, իր վստահորդին մեղադրանք առաջադրելու համար որևէ հիմք չկա։
«Քրեական գործի հարուցումն անօրինական է։ Որևէ սպառնալիք չկա, մարդիկ իրար լավ չեն հասկացել», - ասաց Ա.Սիրունյանը։
Նրա խոսքով, այս քրեական գործի շրջանակում իրենց փաստաբանական գրասենյակը դավաճանել է իր սկզբունքներին և թույլ են տվել, որ իրենց վստահորդը մասնակցի քննչական գործողություններին, տա ցուցմունքներ, կատարվեն առերեսումներ։
«Մենք պատրաստ ենք պատմել, որ սպառնալիք չի եղել, պատրաստ ենք առերեսմանը հայտնել, որ խմբագիրը սխալ է հասկացել։ Ինքն այդ մարդը չէ, որ սպառնալիք տա», - ասաց Ա.Սիրունյանը՝ ձեռնպահ մնալով քրեական գործից մանրամասներ ներկայացնել։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով սպառնացողը վախեցրել էր, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Ավելի ուշ Մարիաննան հայտարարել էր, որ սպառնալիքները թեժացել էին՝ թիրախավորելով նաև անչափահաս դստերը։