16/02/2018 17:24
Իրավապահներն այցելել են «Երկիր Ծիրանի» կուսակցություն
Այսօր՝ փետրվարի 16-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակ են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակի կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանից և Սոնա Աղեկյանից բացատրություն վերցնելու և նրանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տրամադրելու նպատակով, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում իրենց նկատմամբ բռնի գործողությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների առկայությունը ստուգելու համար այսօր այցելել են դատաբժիշկների:
««Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից ակնկալում է քրեական գործի հրատապ հարուցում և Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեղադրյալների ներգրավում, որը մինչ այս պահը, առավել քան բավարար հիմքերի առկայության պայմաններում, դեռևս տեղի չի ունեցել», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։