16/02/2018 16:00
ԵՄ-ի հետ իրագործվում է 11 մլն եվրո արժողությամբ տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր. Լոքյան
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:
Նախարար Լոքյանը նշել է, որ սահմանվել են 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված՝ 2018թ. միջոցառումները, համայնքների խոշորացման արդյունքում նոր ձևավորվող համայնքապետարանների կազմավորմանն ուղղված աշխատանքները, համայնքների խոշորացման գործընթացի շարունակական ընթացքի ապահովմանն ուղղված առաջարկությունները և ամրագրվել է համայնքներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմ ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը:
Դավիթ Լոքյանի հավաստմամբ, իրականացվել են համայնքային բյուջեներում ծախսերի համադրելիության, հիմնավորվածության ու միասնականության սկզբունքների արմատավորման, ծրագրային բյուջետավարման ներդրման և մի շարք այլ աշխատանքներ:
Նախարարը նշել է, որ նախարարության օրակարգային հարցերից են նաև համայնքների վարչական տարածքներում շինարարության, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի և բերքի պատշաճ հաշվառման համակարգի ներդնումը, աղբահանության աշխատանքների ինքնածախսածածկման մեթոդով իրականացման ապահովումը, համայնքներում հարկային բազաների ուսումնասիրությունները և ճշգրտումները, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։
Նախարար Լոքյանն իր զեկույցում անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացման և մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11 մլն եվրոյին համարժեք դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր:
Նախարարության և Միավորված Ազգերի Զարգացման ծրագրերի միջև համագործակցության շրջանակում ավելի քան 5 մլն դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, որը գործելու է մինչև 2020 թվականը։
Նույն համագործակցության շրջանակներում ավելի քան 3 մլն դոլարին համարժեք դրամի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվում 60 գյուղական բնակավայրերում:
Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։
Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի համաձայն Ջերմուկ քաղաքում իրականացվող աշխատանքների մասին տարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է, որ «Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բևեռ» ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 1,190 մլրդ. դրամ գումար, որի շրջանակներում իրականացվում է 6 ենթածրագիր: 2018 թվականին 3,4 մլրդ դրամով կիրականացվեն ևս 12 ծրագրեր:
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակել է խոշորացված համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ձեռք է բերվել և համայնքներին տրամադրվել (կամ գտնվում են տրամադրման փուլում) 96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվում են ճանապարհներ, ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր և կանգառներ՝ ավելի քան 5,3 մլրդ դրամ արժողության։ 2017թ. ընթացքում իրականացվել են 20 ներդրումային ծրագրեր՝ 638 355 մլն ՀՀ դրամի չափով:
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է նաև ոլորտի ռազմավարական փաստաթղթերը՝ նշելով, որ, մասնավորապես տարածքային կառավարման բնագավառում 2017թ. ընդունվել են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները և 2018-2020թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, մարզպետարանների տարեկան աշխատանքային պլանները, որոնք ամբողջացրել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Տեղական ինքնակառավարման բնագավառում կատարված օրենսդրական ու մեթոդական աջակցության ուղղությամբ մշակվել և ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, շուրջ մեկ տասնյակ մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ։
Դավիթ Լոքյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև 2017թ. ամփոփ ցուցանիշները, խոշորացված և խոշոր համայնքներում (5000-ից ավելի բնակչությամբ) տնտեսական զարգացման պատասխանատուների համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները: